09:04  ,  18 հոկտեմբերի, 2025

Փաշիկ Ալավերդյան․  Ես կաշկանդված եմ եւ չեմ կարողանում աշխատել այնպես, ինչպես պետք է

Ափսոսում եւ ցավում եմ, որ աչքերիս առջեւ քայքայվում է իմ ձեռքերով կառուցած ծանրամարտը: Նախկին տարիներին մենք ավելի ուժեղ էինք, քան հիմա, բայց աշխարհի առաջնությունում իմ թիմի աշխատանքը գնահատում եմ գերազանց, որովհետեւ երկամարտի 8 ոսկե մեդալից մեկը եկավ Հայաստան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, որն ամփոփել է աշխարհի առաջնության արդյունքները:

Հոկտեմբերի 4-11-ը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացված առաջնությունում տղամարդկանց Հայաստանի թիմը 6 ծանրորդով նվաճեց մեկ ոսկե եւ երկու փոքր մեդալ: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմից աշխարհի չեմպիոնի կոչումը երկրորդ անգամ նվաճեց Վարազդատ Լալայանը (+110 կգ): Պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց Գոռ Սահակյանը (71 կգ) եւ փոքր բրոնզե մեդալ՝ Գարիկ Կարապետյանը (110 կգ):

Պարոն Ալավերդյան, շնորհավորում եմ երկրորդ տարին անընդմեջ աշխարհի չեմպիոն ունենալու կապակցությամբ: Երկամարտի ոսկե մեդալի կողքին ունեցանք փոքր մեդալներ եւ երեք 0: Ինչպե՞ս եք գնահատում առաջնությունը:

Ես իմ տղաների աշխատանքից գոհ եմ: Վարազդատ Լալայանի չեմպիոնությունը սպասված էր: Եթե չբարձրացներ կիլոգրամներն, ինչպե՞ս կարող էր չեմպիոն չդառնալ: Լրիվ թիմով չէինք գնացել, 6 ծանրորդով էինք: Իմ հավաքականի աշխատանքը գնահատում եմ գերազանց: Հիմա կասես՝ ինչպե՞ս: Պարզ. աշխարհում 220 պետություն է, որից 175-ը միջազգային ֆեդերացիայի անդամ եւ ընդամենը 8 ոսկե մեդալ: 8-ից մեկը եկել է Հայաստան: Շա՞տ է, թե՞ քիչ: Ինձ համար գերազանց է, որովհետեւ 175 պետության մեջ երեւի ազգաբնակչությամբ վերջին 5-ում լինենք: Ամբողջ Եվրոպայից Բուլղարիան է ոսկե մեդալ նվաճել, մյուսն էլ մենք ենք: Սա գերազանց աշխատանք չի՞:

Ձեզ ասում են՝ լավ աշխատանք չի՞:

Բոլորն են ասում՝ վատ աշխատանք է, երեւի դուք՝ լրագրողներդ էլ... Ասում են՝ այդ մեկ մեդալն ու վե՞րջ: Հայտարարում եմ ամբողջ աշխարհին, որ ծանրամարտում երկամարտի եւ առանձին վարժությունների մեդալները հավասարազոր են: Միավորներով նրանք հավասար են՝ պոկումն էլ է 24 միավոր, որպես օրինակ, հրումն էլ է՝ 24, երկամարտի գումարն էլ է 24: Երեքը միասին գումարած 84 միավոր է գնահատվում, որը չի լինում, 24 միավոր հանում են: 

Ինչո՞ւ ամբողջական կազմով չմասնակցեցիք առաջնությանը:

Որովհետեւ գլխի վրա «տնկվել ենք». չգիտե՞ք ինչու: Իմ թիմը 2023 թվականի աշխարհի չեմպիոն թիմն էր, իսկ հիմա չկարողացանք հավաքել ամբողջական թիմ, որ տանեինք: Իսկապես չգիտե՞ք, թե ինչու ամբողջական կազմով չէինք: Ես գիտեմ:

Եվ ինչու՞, լավ պատրաստվա՞ծ չէին, այլ պատճառներ կայի՞ն...

Ի՞նչ է նշանակում՝ լավ պատրաստված չէին: Պատրաստված էին, բայց ոչ իմ ուզած ձեւով: Թե ինչու, հարցրեք ֆեդերացիային, ես չեմ կարող ասել:

Բավարարվեցիք երկամարտի 1 եւ 2 փոքր մեդալով: Հնարավորություններն այդքա՞նն էին:

Դրանից շատ ե՞րբ ենք ունեցել: Այո, աշխարհի չեմպիոն ունենք եւ իմ գալով ենք ունեցել աշխարհի չեմպիոն. մինչեւ այդ չենք ունեցել: Նախկինում 10-հոգանոց թիմով էինք մասնակցում, բնական է, որ մեդալները շատ կլինեին, հետո քաշային կարգերը փոխվեցին՝ 8-ի, մասնակցեցինք 6-ով:

Նշեցիք, որ տղաները պատրաստված էին, բայց ոչ Ձեր ուզած ձեւով: Ի՞նչ մարզումային փուլերով եք պատրաստվել աշխարհի առաջնությանը:

Բոլոր փուլերն էլ անցել էինք: Ես ավել մարզիկ չէի կարող տանել, 8 քաշային կարգ էր: 6 մասնակցով երեք մեդալ ունեցանք: Մեծ եւ փոքր մեդալ գոյություն չունի, երեքն էլ հավասարազոր մեդալներ են: Նոր քաշային կարգերում էինք մասնակցում: Տղաներն առաջին անգամ էին հանդես գալիս այս քաշերում: Ներքեւից էլ են բարձրացել վերեւ, վերեւից էլ իջել այդ քաշային կարգ: Օրինակ՝ Գոռ Սահակյանն իջել է ներքեւ, որպեսզի մասնակցի 71 կգ քաշային կարգում:

Գառնիկ Չոլակյանը նախորդ տարի պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ էր նվաճել: Այս տարի անհաջող մասնակցեց: Ի՞նչը չստացվեց:

Չոլակյանը մի քանի կիլոգրամ քաշ էր գցել: Միշտ եղել է 61 կգ քաշային կարգում, որին գալու համար մրցաշարերից առաջ քաշ էր իջեցնում: Հիմա 1 կգ ավել է իջեցնում եւ հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում: Այդ տղան ինչքան կարողացավ, այդքան էլ արեց. չէր կարող ավել անել: Նշեմ, որ շատ ուշ էինք մեկնել մրցավայր: Հասել ենք Ֆյորդե եւ հաջորդ օրը մասնակցել:

Գոռ Սահակյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, հրումում՝ զրո ստացավ: Դժգո՞հ եք:

Նա նույնիսկ բարելավեց իր արդյունքը պոկում վարժությունում: Ամեն դեպքում չկարողացավ իր ամենօրյա կիլոգրամը հրել: Նա ամեն օր 182 կգ հրել է, իր համար խնդիր չէր այդ քաշը, գրեթե ամեն օր մարզումներին արել էր, 185 կգ էլ էր հրել:

Գոռից հետո զրոներ ստացան Սուրեն Գրիգորյանը, Սիմոն Մարտիրոսյանը: Նրանց մասին ի՞նչ կասեք:

Սուրեն Գրիգորյանն առաջին անգամ էր մասնակցում. այդպես էլ պետք է լիներ: Ես նրան տարել էի, որ մտներ լավագույն 8-յակ, որպեսզի օլիմպիական թոշակ ստանար, բայց տղայի մոտ չստացվեց:

Սիմոն Մարտիրոսյա՞նը:

Ես չեմ ասե՞լ՝ Սիմոնի մասին ինձ շատ մի հարցրեք: Սիմոնը պետք է ձախողի, միշտ, որովհետեւ ուշադիր լսեք. այն ծառը, որը մարդ տնկում է, պետք է ինքը մշակի, ջրի, պարարտանյութ տա, որպեսզի այդ ծառը բերք տա: Եթե ուրիշ մարդիկ են սկսում այդ ծառի ճյուղերից քաշքշել, բերք չի տա: Սիմոնն իմ աշխատանքի արդյունքն է, լավ իմացեք:

Չէր կարելի Սիմոնի քաշն իջեցնել ներքեւ: Նրա անձնական քաշը 128 կգ է եղել, իջեցրել է 110 կգ: 2023 թ. Սաուդյան Արաբիայում անցկացված աշխարհի առաջնությունում +109 կգ քաշայինների պայքարում հիշո՞ւմ եք՝ 250 կգ հրում կատարեց, Լաշա Տալախաձեից հետո երկրորդն էր աշխարհում եւ փոքր արծաթե մեդալ նվաճեց: Դրանից հետո պետք էր համբերել, մարզվել ու մարզվել, պոկումն էլ մի քիչ ավելացնել եւ վերջ: Այսօր էլ Լաշան չկար, Սիմոնը կլիներ Լաշայի տեղը: Ես ցավում եմ, որ այդպես եղավ, ո՞վ իրեն խորհուրդ տվեց քաշն իջեցնել, ո՞վ իրեն ինչ ասաց, չիմացա: Իմ տնկած, մեծացրած, պարարտանյութ տված, ջրած ծառը, որը 4-5 տարի հետո բերք պետք է տար, այդպես չորացավ: Ես չեմ կարծում, որ նա կկարողանա վերականգնվել: Չգիտեմ, չեմ կարող ասել, գուցե...

Այսինքն՝ Սիմոն Մարտիրոսյանը պետք է մնա՞ր +110 կգ-ում:

Միանշանակ... Սիմոն Մարտիրոսյանի համար 250 կգ-ն խաղալիք էր: Նա որ այսօր  «մեռած» էլ լիներ, գերծանր քաշային կարգում Լալայանից հետո հաստատ կլիներ: Նույնիսկ եթե պատրաստ չլիներ, գերհոգնած լիներ, թեւերից մի կերպ բռնեինք, բերեինք մրցահարթակ, աշխարհի առաջնությունում Լալայանից հետո կլիներ երկրորդը, սա վատագույնն եմ ասում:

Գարիկ Կարապետյանին ի՞նչը պակասեց:

Գարիկի մասնակցությունը հարցականի տակ էր: Հիվանդության պատճառով 10 օրը մեկ չի մարզվել: Բանակային վաշտ գնալու համար մեկ շաբաթ էլ այդ ընթացքում չմարզվեց: Պետք է ապաքինվի Գարիկը:

Վարազդատ Լալայանը աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալուց հետո գնաց 261 կգ-ի: Ո՞ւմ որոշումն էր: Մարզումներին այդքան հրե՞լ էր:

Ոչ, չէր հրել: Ֆյորդեի մրցահարթակում առաջին փորձն արեց: Գնացինք այդ փորձին, որպեսզի հասկանանք՝ հետագայում նրան ինչ է պետք: Նա արդեն նվաճել էր տիտղոսը, ազատված էր ամեն ինչից, չեմպիոն էր, որեւէ խնդիր չուներ: Ուղարկեցի 261 կգ-ի, որպեսզի մրցահարթակում զգա՝ ինչ է, կհրի, թե ոչ: Առջեւում երկուական աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ ունենք, ապա Օլիմպիական խաղեր, նա պետք է ավելացնի իր կիլոգրամները եւ այդ քաշերը դարձնի իրենը:

Պարոն Ալավերդյան, ստացվում է՝ նոր քաշային կարգերը անհաջողությունների պատճառ դարձա՞ն:

Քաշային փոփոխությունները շատ ծանր եւ սխալ են արել, որովհետեւ սկսած միջազգային ֆեդերացիայի նախագահից, վերջացրած նրա օգնականով բոլորը ծանրամարտի  մասնագետներ չեն: Ես նախագահի օգնականին ուղիղ էլ ասացի, նեղացավ ինձնից: Չէր կարելի 2-3 ամիս անց քաշային կարգ փոխել: Նորից են փոխվելու 2026 թ. Եվրոպայի առաջնությունից հետո: Խաղալի՞ք է մարզիկն, ի՞նչ է: Ծանրորդը 4 տարի մարզվում է, պատրաստվում Օլիմպիական խաղերին, 3 անգամ քաշային կարգ են փոխում: Բազմիցս ասել եմ՝ ծանրամարտով զբաղվողները, ծանրամարտի մարզիչները գիտական աշխատանք տանող մարդիկ պետք է լինեն: Կարող ես 1000 կգ-ոց ծանրաձող բարձրացնել, բայց այդպես չկարողանաս մեկին սովորեցնել՝ 800 կգ հանի: Ամեն մարդ չի, որ պետք է ծանրամարտով զբաղվի, մարզի: Ուզո՞ւմ եք՝ մարզադպրոցներով շրջենք եւ մարզիչներին հարցնենք, թե քանի մարզում, քանի օր պետք է ծանրորդը մարզվի օլիմպիական մրցափուլում: Եթե կարողանան պատասխանել, ամոթանք կտաք ինձ: Ասում են՝ մարզումային գործընթացները փոխվել են, դրանք նախկին տեսություններ են: Եթե դա գիտություն է, նախկին, ներկա ո՞րն է: Բա՞ Արամ Խաչատրյանն էլ է նախկին, ինչո՞ւ չեք հրաժարվում նրա գրած երաժշտությունից: Ի՞նչ, պետք է «Սուսերով պարի» նորը գրե՞ք:

Նախկինում միշտ խուսափել եք գնահատական տալ Ձեր թիմի աշխատանքին, հայտարարում էիք, որ եթե մեկ օր գոհ լինեք, ուրեմն ծանրամարտում էլ անելիք չունեք:

Եվ իսկապես գոհ կլինեի, եթե ունենայի երեք աշխարհի չեմպիոն այս առաջնությունում: Երեքից մեկն եղավ, ուրեմն ես դեռ իմ աշխատանքի բարձունքին չեմ հասել:

Աշխարհի առաջնությանը մեկնել էիք մեկ չեմպիոնի ակնկալիքո՞վ:

Իսկզբանե ցանկությունս էր, որ երեք չեմպիոնով վերադառնայինք, բայց առաջնության նախապատրաստական փուլերը, ընթացքը ցույց տվեց, որ ես երեք չեմպիոն ունենալու հնարավորություն չունեմ:

Նախկին տարիներին մենք ավելի ուժեղ էինք քան հիմա, որովհետեւ բոլորից ավելի շուտ դադարեցրինք դեղերի օգտագործումը: Մենք առաջիններից էինք, որ լիարժեք մաքուր սկսեցինք մարզվել: Այդ ժամանակ մեր արդյունքները շատ ավելի լավն էին, որովհետեւ շատ խիստ էր կարգապահությունը: Ծանրամարտում հաջողության հասնելու համար պետք է խիստ կարգապահություն, որը վերացած է հավաքականում: Ինչո՞ւ, որովհետեւ ժողովրդավարության ենք անցել: Ես չեմ կարող մարզիկին ասել՝ «տեղդ նստիր», «վեր կաց վազիր, թռիր»: Ասում է՝ հավասար մարդիկ ենք: Սպորտում եւ ռազմական գործողության մեջ չենք կարող հավասար լինել, մնացած տեղերում գուցե: Այս երկու ոլորտներում կան հրամաններ եւ հրահանգներ: Ոչ մի ժողովրդավարություն այդտեղ չի կարող լինել:

Պատնեշներ ունե՞ք Ձեր աշխատանքում:

Իհարկե... Ես կաշկանդված եմ եւ չեմ կարողանում աշխատել այնպես, ինչպես պետք է, ինչպես ես եմ գտնում ճիշտ: Այո, գուցե ես շատ խիստ եմ, պահանջկոտ, երբեմն մասնավորապես լրագրողների հետ աշխատանքում կոշտ, բայց այդ ամենի արդյունքում, տարիների աշխատանքը բերել է նրան, որ ունենք, օրինակ, Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղերի չեմպիոնի թեկնածու Վարազդատ Լալայան: Գուցե շատերն են նեղվում իմ այդ աշխատելաոճից, բայց կա արդյունք, ինչը նշանակում է՝ այդպես ճիշտ է:

Եթե ես գտնում եմ, որ մարզումները պետք է լինեն, օրինակ, այսինչ վայրում, ինձ ասում են ոչ, մենք որտեղ ասում ենք, այդտեղ պետք է լինի: Ոնց թե... ինչո՞ւ: Օրինակ, ես կիսում եմ թիմը, 20 եւ 23 տարեկաններին առանձնացնում եմ, քանի որ նրանց մրցումները հետաձգվեցին: Երիտասարդները մեծահասակների հետ նույն ծանրաբեռնվածությունը չէին կարող տանել, այդ պատճառով կիսեցի հավաքականը եւ որոշեցի թիմի մի մասին վերցնել եւ տանել Ծաղկաձոր: Ինձ ասացին՝ ոչ: Պետք է գնաս այստեղ այսքան օրով, այս ինչ մարդկանց պետք է վերցնես հավաքի...

Նորից եմ ասում՝ ծանրամարտի մարզիչ լինելը խելքի գործ է: Պետք է ծանրորդին տանես բարձրավանդակ, իջեցնես ներքեւ, որպեսզի կարողանա գնալ ծովափին մրցման մասնակցել: Այդքան բանն ինչպե՞ս բոլորին սովորեցնեմ: Մարզիչը անտրամադիր դահլիճ չպետք է մտնի, իսկ երբ մարզիչը կաշկանդված է իր աշխատանքում, արդեն տրամադրություն չունի, բայց արդյունքի տերը, պատասխանատուն նա է: Ես չեմ սիրում պարտություն, ավելի լավ է՝ «պամոստի» վրա մեռնեմ, քան պարտված վերադառնամ մրցաշարից: 

Այնքան դարդուցավ ունեմ, այնքան ջղայնացած եմ... ափսոս, որ իմ աչքերի առջեւ քայքայվում է իմ ձեռքերով նոր կառուցած հայկական ծանրամարտը: Ես ափսոսում եմ ու ցավում:

Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Մկրտչյանը ինչո՞ւ հեռացան հավաքականից:

Անդրանիկ Կարապետյանը հավաքականից չի հեռացել: Անցած աշխարհի առաջնությունում Կարապետյանը ինձ եւ մարզիչներին հայտարարեց, որ եթե այնտեղ մեդալ չնվաճի, այլեւս չի մարզվի, քան որ ընտանիք ունի, երեխա, ցանկանում է այլ աշխատանք գտնել ընտանիքը պահելու համար: Մենք համաձայնեցինք: Նա մեդալ չնվաճեց եւ ասաց հաջողություն: Այս տարվա Եվրոպայի առաջնությունից առաջ Բոսնիա եւ Հերցեգովինայի կազմում տեսա Անդրանիկի անունը եւ իմացա, որ նա ընդունել է այդ երկրի հրավերը եւ այժմ հանդես է գալու նրանց կազմում: Շատ լավ էր, քանի որ այդ երկրում երկու վարժությունների համար առանձին վարձատրվում ես, իսկ Անդրանիկը պոկում վարժությունում միշտ մրցանակային տեղեր է զբաղեցրել: Այսինքն՝ նա կկարողանար իր ընտանեկան հոգսերը լուծել, աշխատավարձ ստանալ: Ֆեդերացիայի նոր ղեկավարությունն իմացավ եւ թույլ չտվեց, որ Անդրանիկը մասնակցի: Անդրանիկը որեւէ կանոնադրություն չէր խախտել, օլիմպիական ցիկլն ավարտվել էր, եւ նա բոլոր իրավունքներն ուներ փոխել մարզական քաղաքացիությունը: Նրա տեղափոխությունը տեղի է ունեցել 2024 թ. դեկտեմբերին, այսինքն՝ օլիմպիական տարվա ավարտին: Ասում են՝ «ո՞վ է քեզ թույլ տվել», «ընկեր Փաշիկն ինչքա՞ն փող է առել»... խելագարություն: Ես Անդոյից փող առնե՞մ, թե՞ ես Անդոյին փող տամ...

Ասում են՝ բա ինչու եք հանել Անդրանիկին եւ Հակոբ Մկրտչյանին: Մարզական քաղաքացիություն փոխելու իրավունքը ծանրորդինն է, եթե ավարտվել է օլիմպիական ցիկլը: Հակոբ Մկրտչյանն էլ իր ցանկությամբ ավարտեց կարիերան: Մարզումներից մեկի ժամանակ ասաց այլեւս չեմ ուզում մարզվել, շորերը հավաքեց ու գնաց: Ասացի՝ գնա: Անդրանիկը 30 տարեկան տղա է եւ իրավունք ուներ հոգալ իր ֆինանսական ծախսերը:

Դուք պարբերաբար այլ երկրների հավաքականներից առաջարկներ եք ստացել: Ի՞նչն է պահել Ձեզ Հայաստանի հավաքականի ղեկին:

Իմ սիրտը միշտ ճմլվել է ազգիս համար, հայկական ծանրամարտի համար: Չեմ կարող ինձ պատկերացնել առանց իմ թիմի, իմ հավաքականի, իմ տղաների: Գոռին էլ, որ տարել եմ Բահրեյն, այստեղ ենք մարզվել, գնացել ենք մրցման եւ հետ եկել Հայաստան, էլի եղել ենք թիմի հետ: Ինձ Հայաստանում պահում է ազգայնամոլությունը: Ես Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղի տղա եմ, ամեն ինչ տեսել եմ... Ուզեցել եմ այնպես անել, որ օգտակար լինեմ իմ ազգին, որ գլուխը բարձր քայլի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News